Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեի նախագահի 5-րդ տեղակալն է. ՔԿ նախագահի 5-րդ տեղակալի հաստիքը Կառավարության ապրիլի 30-ի որոշմամբ է ավելացել
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արգիշտի Քյարամյանն ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից և, վարչապետի մեկ այլ որոշմամբ, նշանակվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
Արգիշտի Քյարամյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր՝ ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնի ազատման պատճառների մասին, նշեց, որ դա զուտ պայմանավորված է եղել այլ պաշտոնի անցնելով:
Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգոյանն էլ Tert.am-ին տեղեկացրեց, որ Քյարամյանը ՔԿ նախագահի 5-րդ տեղակալն է:
Հարցին՝ ՔԿ նախագահը քանի՞ տեղակալ կարող է ունենալ, Եգանյանն ասաց. «2020թ. ապրիլի 30-ի Կառավարության 643-Ա որոշմամբ ՔԿ նախագահի տեղակալների թիվը ավելացել է ևս մեկով՝ դառնալով 5»:
Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը 2019թ. մարտի 1-ին նշանակվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա 2019թ. ապրիլի 10-ին վարչապետի որոշմամբ՝ նշանակվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: 2019թ․ ապրիլի 25-ից Քյարամյանը կատարում էր պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները:
Քյարամյանն այս ընթացքում հայտնվել է սկանդալային իրավիճակներում: Մասնավորապես, նրան մեղադրում էին ՊՎԾ լիազորությունները դադարեցված ղեկավար Դավիթ Սանասարյանի կադրերից ազատվելու մեջ, մամուլն անդրադարձել էր Քյարամյանի ունեցվածքին, երբ հայտարարագրել էր 32 միլիոն դրամ և 46 հազար դոլար:
«Հայտարարագրումս ներկայացված դրամական միջոցների մի զգալի մասն ինձ նվիրել է Եվրոպայում բնակվող քեռիս՝ գնում կատարելու նպատակով, սակայն հետագայում այդ գնումը նպատակահարմար չեմ համարել։ Հիշյալ գումարների մի մասն էլ ձևավորվել է Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքով զբաղվող մերձավոր ազգականներիս և մեր ընտանիքի այլ բարեկամների պարբերական նվիրատվություններից, ովքեր միշտ գումարային օգնություններ են տրամադրել ինձ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես չեմ զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ»,- պարզաբանել էր պաշտոնյան: