Իրանի խորհրդարանը մայիսի 26-ին կդադարեցնի աշխատանքը
Իրանում ներկա պահին գործող 10-րդ գումարման խորհրդարանը պաշտոնապես կդադարեցնի իր աշխատանքը մայիսի 26-ին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է օրենսդիր մարմնի նախագահության ներկայացուցիչ Ասադուլլա Աբասին:
«10-րդ գումարման խորհրդարանի աշխատանքի վերջնական ամսաթիվը մայիսի 26-ն է»,- Աբասիին մեջբերում է խորհրդարանի մամլո ծառայությունը:
Վերջինս նշել է, որ խորհրդարանի բաց նիստերը կանցկացվեն մինչև մայիսի 20-ը, որից հետո նման նիստեր չեն լինի՝ պայմանավորված մահմեդականների շրջանում նշվող տոնով, որով ավարտվում է Ռամադանի պահքը:
Ավելի վաղ Իրանում 11-րդ գումարման խորհրդարանի ընտրություններ էին անցկացվել: Քվեարկությունը տեղի էր ունեցել փետրվարի 21-ին: 290 պատգամավորական մանդատի համար պայքարում էին ավելի քան 7000 մարդ: Բացարձակ մեծամասնությունը բաժին է հասել պահպանողականներին: Մանդատների բաշխման վերջնական արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ, քանի որ մի շարք շրջաններում նախատեսվում է ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել: