Դիմակների պակասի մասին այս փուլում չենք խոսում. համատարած խնդիրը՝ գնային տատանումն է. Ավինյան
Ուզում ենք քաղաքացիական վերահսկողություն սահմանել և, օրինակ, բացօթյա սրճարաններում պահանջենք, որ մատուցողները լինեն դիմակներով ձեռնոցներով լինեն: Այս մասին կարծիք հնչեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում, որում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանափակումների մասնակի վերացման թեմայով խոսեց ՀՀ փոխվարչապետ, գլխավոր պարետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:
Վարչապետը կարևորեց սպառողական վերահսկողությունը՝ այսինքն, երբ քաղաքացին լուսանկար է հրապարակում որևէ սրճարանից, որտեղ մատուցողն առանց դիմակ, առանց ձեռնոց է, դա ազդակ է սպառողներին, որ այդ սրճարան չպետք է գնալ:
«Ես այսօր իմացա, որ մենք Հայաստանում դիմակների արտադրություն ենք սկսում, որը, հույս ունենք, մինչև 200 000 արտադրություն կունենա»,- ասաց վարչապետը:
Տիգրան Ավինյանը նշեց, որ բացի տեղական արտադրությունից, որոշ դիմակներ ներկրվել են և դիմակների պակասի մասին այս փուլում չեն խոսում և համատարած խնդիրը՝ գնային տատանումն է: Նա նշեց, որ հետագայում մոլերում և մեծ շուկաներում պետք է պարտադրեն կրել դիմակներ, ձեռնոցներ:
Փաշինյանն անդրադարձավ նաև տարածվող միֆերին և նշեց, որխոսել է կորոնավիրուսի դրական դեպքով հաստատված, հետո բուժված անձնավորության հետ, ով չի հավատում, որ հիվանդացել է: Նա նշեց, որ այս հիվանդությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է դրսևորվում:
«Պետք է խոստովանել՝ գիտական հանրության գիտելիքները վիրուսի մասին շատ նախնական են»,- ասաց նա և նշեց, որ շփոթության պատճառը դա է: