Ֆրանսիան կերկարաձգի արտակարգ դրության սահմանափակումները ևս 2 ամսով
Ֆրանսիայի կառավարությունը ևս երկու ամսով կերկարաձգի կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության իրավիճակը համալիր միջոցառումների շրջանակներում, որոնք երեքշաբթի կքննարկվեն երկրի խորհրդարանում: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է առողջապահության նախարար Օլիվիե Վերանը:
Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի հարցով կառավարության նիստից հետո Վերանը և ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները նոր օրինագիծ են առաջարկել, որը կքննարկվի երեքշաբթի և որով նախատեսվում է արտակարգ դրությունը երկարաձգել մինչև հուլիսի 24-ը:
Վերանի խոսքով՝ արտակարգ դրության սահմանափակումները ժամանակից շուտ թեթևացնելը «կզրոյացնի ֆրանսիացի ժողովրդի գործադրած նշանակալի ջանքերը»:
Արտակարգ դրության վերաբերյալ օրինագծի շրջանակներում առաջարկվում է սահմանափակել ուղևորությունները և կարանտինի ժամանակահատված սահմանել արտասահմանից Ֆրանսիա ժամանող մարդկանց համար:
Կաստաների խոսքով՝ այդ ընթացքում Ֆրանսիայի շրջանների միջև սահմանային տեղափոխությունների արգելք չի կիրառվի: