Բորիս Ջոնսոնն օրեր առաջ լույս աշխարհ եկած որդուն անվանել է իր կյանքը փրկած բժիշկների պատվին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու նրա ընկերուհին՝ Քերի Սայմոնդսն, իրենց նորածին որդուն անվանել են Ուիլֆրեդ Լորի Նիկոլաս Ջոնսոն:
Ինչպես հայտնում է CNN-ը, տղայի անուններից մեկը՝ Նիկոլասն, ընտրվել է ի պատիվ վարչապետին բուժած երկու բժիշկների: Նորածնի անունն այսօր իր ինստագրամյան էջում հայտնել է փոքրիկի մայրը: Տղան լույս աշխարհ է եկել չորեքշաբթի:
«Ուիլֆրեդը Բորիսի պապի պատվին է ընտրվել, Լորին՝ իմ պապի, Նիկոլասը՝ բժիշկներ Նիք Փրայսի և Նիք Հարթի, որոնք փրկել են Բորիսի կյանքն անցյալ ամիս»,- ասվում է Սայմոնդսի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Բորիս Ջոնսոնի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել անցյալ ամիս, որից 10 օր անց վերջինիս ինքնազգացողությունը վատթարացել էր, ինչից հետո նրան հոսպիտալացրել էին: Հիվանդանոցում նա մնացել էր մեկ շաբաթ, որի կեսն անցկացրել էր վերակենդանացման բաժանմունքում: