ԱՄՆ նախկին պետքարտուղարը հայտարարել է, որ Թրամփը «խայտառակում է երկիրը»
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի վարած արտաքին քաղաքականությունն ու հայտարարել, որ նա «խայտառակում է երկիրը միջազգային ասպարեզում», գրում է РИА Новости-ն:
«Այս նախագահի կողմից դիվանագիտության լիարժեք անտեսումը խայտառակում է մեր երկիրը միջազգային ասպարեզում, նա խաթարում է մեր ժողովրդավարության հիմքերը: Նա զատել է մեզ միմյանցից տանը (ԱՄՆ-ում – Tert.am) և մեկուսացրել Ամերիկան աշխարհում՝ ետ շպրտելով մեզ և դրանով իսկ վտանգելով մեր ինստիտուտներն ու դաշինքները, որոնց ամերիկացի առաջնորդները հասել են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր՝ աշխարհը միավորելու համար», - գրել է նա Դեմոկրատական կուսակցության իր կողմնակիցներից մեկին ուղղված նամակում:
Նախկին պետքարտուղարը նաև հավելել է, որ պետական ծառայության տասնամյակների ընթացքում երբևէ չի տեսել այնպիսի վտանգավոր և միասնությունը խաթարող նախագահ, ինչպիսին Դոնալդ Թրամփն է, ինչպես նաև չի տեսել, որ նախագահն իր թվիթերյան գրառումների շնորհիվ սպառնալիք դառնա ազգային անվտանգության համար: Այս կապակցությամբ նա կոչ է արել Դեմոկրատական կուսակցության կողմնակիցներին ներդրումներ անել 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի կազմակերպման համար: