Apple-ի ղեկավարն ակնարկել է iPhone-ի գներն իջեցնելու մասին
Ամերիկյան Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկն ակնարկել է, որ ընկերությունը կարող է իջեցնել iPhone-ի գները որոշ վայրերում՝ փորձելով բարձրացնել վաճառքի նվազող մակարդակը:
Այս մասին գրում է BBC News-ը՝ նշելով, որ iPhone-ի վաճառքից ստացված եկամուտը, որը կազմում է ընկերության շահույթի մեծ մասը, վերջին ֆինանսական եռամսյակում նվազել է 15 տոկոսով:
Տեխնոլոգիական հսկայի եկամուտը նախորդ տարվա համեմատ, ընդհանուր առմամբ, նվազել է 5 տոկոսով՝ կազմելով 84.3 մլրդ դոլար:
Ընկերության կարծիքով՝ եկամտի նվազումը մեծամասամբ պայմանավորված է Չինաստանում գրանցվող տնտեսական աճի անկմամբ:
Թիմ Քուկը միևնույն ժամանակ նշել է, որ հաճախորդները ևս դժգոհում են ընկերության բարձր գներից:
Apple-ի կայքում ներկա պահին 5.8 դյույմ անկյունագծով iPhone Xs մոդելի արժեքը կազմում է 999 դոլար ԱՄՆ-ում և 989 դոլար՝ Չինաստանում:
Քուկի խոսքով՝ իրենք սկսել են վերանայել հեռախոսների գները՝ արժույթի փոխարժեքի տատանումներից հաճախորդներին պաշտպանելու համար: