Իմ աշխատավարձը 2017-ի համեմատ աճել է 10 տոկոսով ՝ պարգևավճարը ներառյալ. Ատոմ Ջանջուղազյան
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը իրեն ու նախարարության աշխատակիցներին պարգևավճար է տվել և խոստանում է, որ պարգևավճարների մասին ամբողջ տեղեկատվությունը հանրությանը հայտնի կդառնա։ Սակայն նշում է, որ ոչ թե ինքն իրեն պարգևատրել է, այլ դա կոչվում է գործատուի կողմից պարգևատրել։
«Համամասնորեն բոլորի աշխատավարձն աճել է՝ կրտսեր մասնագետից մինչև նախարար։ Եթե ձեզ կոնկրետ իմն է հետաքրքրում, ապա ասեմ, որ իմ վաստակած աշխատավարձը 2017-ի համեմատ աճել է 10 տոկոսով՝ պարգևավճարը ներառյալ։ Միգուցե անհամեստ հնչի, բայց իմ պատասխանատվությունն էլ առնվազն 10 տոկոսով աճել է»,- նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Ատոմ Ջանջուղազյանը։
Նրան չի զարմացնում այն հանգամանքը, որ պարգևավճարների հետ կապված մեծ աղմուկ է բարձրացել, փոխարենը զարմացնում է, թե ինչու են նոր ուշադրություն դարձնում պարգևավճար երևույթի վրա. «Մոտավորապես 20 տարի՝ 1998 թ-ից սկսած, ֆինանսների նախարարության աշխատակազմի համար պարգևատրման տող կա նախատեսված օրենքում, մի անգամ նայե՞լ եք այդ տողին։ Լավ է, որ գոնե հիմա տեսել եք, որ պարգևատրման համար նախատեսված տող կա, որի շրջանում որոշակի տրամաբանությամբ բաշխվել է»,- շարունակեց Ջանջուղազյանը։
Նախարարը կատակով պատասխանեց հարցին, թե ինքը պարգևատրե՞լ է իր բարեկամներին՝ նկատելով, որ նախարարությունում բոլորն իրեն բարեկամ են, նույնիսկ այն մարդիկ, որոնք ֆիզիկապես այլևս ֆինանսների նախարարությունում չեն աշխատում։
«Եթե բաշխման մեջ փնտրեք իմ ազգականներին, ապա երկար կփնտրեք։ Բայց գիտեք, թե ես այստեղ որքան վաղուց եմ աշխատում, ինձ համար այստեղ բոլորը բարեկամ են»,- ընդգծեց նախարարը։
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ դեկտեմբերը տարվա մյուս ամիսների նկատմամբ առնվազն 2 առանձնահատկություն ունի։
«Մեկն այն է, որ դեկտեմբերին 2 աշխատավարձ են ստանում՝ նոյեմբերն ու դեկտեմբերը։ 2-րդ առանձնահատկությունն այն է, որ օրենքով կա նախատեսված դրույթ՝ ձեր ասած 13-րդ աշխատավարձի հետ կապված։ Նաև օրենքով կա դրույթ, որ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցները կարող են տրամադրվել պարգևավճարներ տալու համար»,- եզրափակեց Ատոմ Ջանջուղազյանը։