Էրդողանը «ֆաշիստ» է անվանել Թուրքիայի ընդդիմությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ֆաշիստ» է անվանել երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցությանը, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
«Ես դիմում եմ մեր ժողովրդին, մեր երիտասարդությանը. եթե ուզում եք ճանաչել, թե ով է ԺՀԿ-ն՝ ահա՛, ԺՀԿ-ն սա՛ է, նրանք երբեք ժողովրդի ձայնի հանդեպ հարգանք չեն դրսևորել», - հայտարարել է Էրդողանը՝ «ֆաշիստական մտածողության տեր» անվանելով ընդդիմությանը:
Թուրքիայի նախագահը հավելել է, որ այն տարիներին, երբ իշխանությունը հենց ԺՀԿ-ի ձեռքում էր, նրանք այդ իշխանությունը պահել են կեղծարարությամբ, սպառնալիքներով, իսկ հիմա էլ հանուն իշխանության վերադարձի անգամ պատրաստ են համագործակցել «ահաբեկիչների» հետ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ՏԻՄ ընտրություններ են նախանշված այս տարվա մարտի 31-ին:
Արդեն հայտնի է, որ թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ու «Լավ» կուսակցությունները համաձայնել են ընտրությունների ժամանակ համագործակցել Թուրքիայի 20 նահանգում՝ ներկայացնելով միասնական թեկնածուներ այդ տարածքներում: