Իլինոիսի ոստիկանությունը բնակիչների տրամադրությունը բարձրացնելու նպատակով «ձերբակալել» է «Սառցե սիրտը» մուլտֆիլմի հերոսուհուն
ԱՄՆ Իլինոիս նահանգում «ձերբակալել» են Դիսնեյի հայտնի «Սառցե սիրտը» մուլտֆիլմի հերոսուհի Էլզային, հաղորդում է FOX News հեռուստաալիքը:
Խոսքը նահանգի ոստիկանության ֆեյսբուքյան գրառման մասին է, որում ոստիկանները կատակել են՝ փորձելով անոմալ ցրտերի ֆոնին բարձրացնել նահանգի բնակիչների տրամադրությունը:
«Չափից դուրս ցուրտ եղանակային պայմանների պատճառով բոլոր հանցագործությունները, հիմարության ու անխոհեմության բոլոր դրսևորումները չեղարկվել են: Անգամ Էլզան է ձերբակալվել`առանց գրավի դիմաց ազատ արձակման հնարավորության»,- ասված է ոստիկանության գրառման մեջ:
Հիշեցնենք, որ այս ձմեռ ԱՄՆ-ի մի շարք նահանգներում սաստիկ ցուրտ եղանակ է: Կանխատեսվում է, որ Իլինոիս նահանգի հարավում օդի ջերմաստիճանը -55-ի կհասնի: