Բրիտանուհին պատահաբար «լվացել» է կատվին լվացքի մեքենայի մեջ, կենդանին հրաշքով ողջ է մնացել
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Ջեքի Մալենսը պատահաբար «լվացել» է իր կատվին՝ չնկատելով, որ վերջինս քնած է լվացքի մեքենայում:
Ինչպես փոխանցում է Metro-ն, կինը, չնկատելով քնած կենդանուն, վերևից տեղավորել է անկողնային սպիտակեղենն ու միացրել 20 րոպեանոց ռեժիմ լվացքի համար, ընդ որում՝ մեքենան լցվող ջուրը 40 աստիճան տաքության է եղել:
Րոպեներ անց 58-ամյա կինը կատվի մռլտոց է լսել: Սկզբում նա չի կասկածել, որ կենդանին կարող է լինել լվացքի մեքենայի մեջ, և ուշադիր զննել է ամբողջ տունն ու անգամ այգին: Չգտնելով Գրեյսի անունով կատվին ոչ մի տեղ՝ բրիտանուհին հասկացել է, որ ձայները գալիս են խոհանոցում գտնվող լվացքի մեքենայից: Կինը խուճապի մեջ կանչել է ամուսնուն, որն էլ արագ անջատել է մեքենան, վերցրել այնտեղից Գրեյսիին ու փաթաթել չոր սրբիչի մեջ:
Ամուսինները շտապ տարել են կատվին անասնաբույժի մոտ: Կլինիկայի բժիշկները պնդել են, որ գիտակցությունը կորցրած կենդանին դժվար թե ապրի, քանի որ նրա ուղեղը վնասվել է, իսկ թոքերում ջուր է կուտակվել: Ավելին՝ բժիշկներն առաջարկել են քնեցնել կատվին: Հենց այդ պահին Գրեյսին ուշքի է եկել, բարձրացրել գլուխն ու մլավոց արձակել:
Ի վերջո, կատվին տարել են մեկ այլ կլինիկա, որտեղ նրան կաթիլային են միացրել և ամբողջ գիշեր հետևել նրա վիճակին: Հաջորդ առավոտ Գրեյսիին դուրս են գրել, իսկ նրա տիրուհին ստիպված է եղել անասնաբուժական ծառայությունների համար 500 ֆունտ սթերլինգ վճարել: Նրա խոսքով՝ կատուն այժմ իրեն լավ է զգում, սակայն վախենում է լվացքի մեքենայից:
«Եթե այդ պահին ռադիո միացված լիներ, ես չէի լսի նրա ձայնը կամ եթե ես դուրս եկած լինեի… Վախենում եմ անգամ պատկերացնել, թե ինչ կլիներ: Ես չէի կարողանում հավատալ աչքերիս, երբեք այդքան վատ չէի զգացել», - հիշում է բրիտանուհին: