Ամերիկուհին թույլ է տվել էվթանազիայի ենթարկել անծանոթ տղամարդուն՝ կարծելով, թե նա իր եղբայրն է
ԱՄՆ-ի 48-ամյա բնակչուհին սխալմամբ թույլ է տվել անծանոթ մարդու մահը՝ կարծելով, թե նա իր եղբայրն է, այս մասին գրում է The New York Post-ը:
Ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ 2018 թվականի հուլիսին 40-ամյա Ֆրեդի Քլարենս Ուիլյամս անունով տղամարդը թմրանյութերի գերդոզավորման հետևանքով հայտնվել է հիվանդանոցում: Այդ ժամանակ հիվանդանոցից զանգահարել են Շիրել Փաուելին և հայտնել, որ նրա եղբայրը, որը նույն անուն-ազգանունն ունի, գտնվում է մահամերձ վիճակում:
Փաուելի եղբոր ծննդյան տարեթիվն ու անուն-ազգանունը լիովին համընկնում էին մահամերձ տղամարդու տվյալների հետ: Ամերիկուհին 9 օր շարունակ անցկացրել է անծանոթի մահճակալի մոտ՝ կարծելով, թե դա իր ազգականն է:
Երկու օր անց բժիշկներն արձանագրել են, որ Ֆրեդի Ուիլյամսի ուղեղը «մահացած» է, կինը հուսահատության մեջ է ընկել: Հույս չունենալով, որ հիվանդն ուշքի կգա՝ նա զանգահարել է հարազատներին ու խնդրել գալ նրան հրաժեշտ տալու: Երկու շաբաթ անց, երբ հիվանդանոց են ժամանել նրա ազգականները, Շիրել Փաուելը ստորագրել է փաստաթղթերը, որոնցով թույլ է տվել բժիշկներին անջատել կենսապահովման սարքը, որի շնորհիվ հիվանդը շարունակում էր ապրել:
Մահացածի դիահերձումից հետո միայն պարզ է դարձել, որ տղամարդը Փաուելի եղբայրը չէր, նրա իրական եղբայրը 2018 թվականի հուլիսի 1-ից ի վեր գտնվել է բանտում: