ԱԻՆ-ի դերն անգնահատելի է, այն ոչ թե պետք է կրճատվի, այլ զարգանա, վերազինվի. Ֆ. Ցոլակյանը՝ կառուցվածքային փոփոխությունների մասին
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր նախագահականում երդման արարողությունից առաջ նշեց, որ մարզպետ եղած ժամանակ տվել է պարգևավճարներ: Ինչ վերաբերում է հարցին, թե ինքն իրեն պարգևատրել է, նա ասաց. «Հիմա չեմ արել, նախկինում` չեմ հիշում»:
Ըստ նրա՝ այս թեմայի շուրջ մարդիկ կխոսեն, կանցնի կգնա և որոշ ժամանակ անց այլ թեմա կգտնեն:
Ինչ վերաբերում է կառավարության կառուցվածքային փոփոխություններին, Ֆելիքս Ցոլակյանն ասաց. «Ես կարծում եմ, որ ԱԻՆ-ը շատ կարևոր նախարարություն է՝ ապագայի հետ կապված, քանի որ այսօր աշխարհում տեխնածին աղետները, բնակլիմայական փոփոխությունները կարևորվում են, և այս տեսակետից այս նախարարության դերը անգնահատելի է: Ոչ թե պետք է անջատվի, միանա, այլ ընդհակառակը՝ զարգանա, հնարավորություններ տրվեն այս նախարարությանը` վերազինման, տեխնիկական զինման»,-ասաց նա և նշեց, որ որևէ մեկը այդ հարցը իր հետ չի քննարկել:
Նա համաձայն չէ այն տեսակետի հետ, որ եթե աշխատավարձը ցածր է, կոռուպցիոն ռիսկ կա: «Կա ձև, որ բոլորը պետք է հաշվետու լինեն Ազգային ժողովին»,-ասաց նա:
Անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից հնչող քննադատություններին՝ նախկին «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավորն ասաց. «Քննադատությունը քաղաքական պայքար է, դա միշտ էլ լինելու է, այսօր կա, վաղը կլինի, թող քննադատեն, իշխանությունը մի բան ունի ապացուցելու՝ աշխատանքով ապացուցելու, որ դա սխալ է»,-ասաց նա:
Ըստ նախարարի՝ աղքատությունն այդքան արագ չէր կարող կրճատվել: «Մի ժողովրդական խոսք կա. «Աղքատը որքան էլ հարստանա, վրայից աղքատի հոտ է գալիս` 10-20 տարի: Հարուստն ինչքան էլ աղքատանա, վրայից 120 տարի հարուստի հոտ է գալիս»: Շատ բաներ կան, պետք է արվի»,-ասաց նա:
Tert.am-ի հարցին, թե ձեր ոլորտում աշխատավարձերի բարձրացման հարց է քննարկվում, հաշվի առնելով, որ ամենացածր աշխատավարձերն են, նա ասաց, որ դրա հետ կապված քննարկումներ պետք է անցկացնել: «Պետք է տեսնենք՝ ինչ կարող ենք անել»,-ասաց նա: