Արարատ Միրզոյան ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին. զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական կապերի ընդլայնումը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրին` խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայ-ղազախական հարաբերությունները խարսխված են բարեկամության ու փոխվստահության ամուր հիմքերի վրա:
Կարևորելով երկու երկրների միջև հարաբերությունների ներկա մակարդակը` Արարատ Միրզոյանն այս հարցում նշել է, որ մեծ է անձամբ դեսպանի ավանդը:
Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ նորընտիր խորհրդարանի առաջիկայում ձևավորվելիք բարեկամական խումբն իր գործունեությամբ նոր շունչ կհաղորդի երկկողմ հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները:
Անդրադառնալով միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն ու խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացմանը` օրենսդիր մարմնի ղեկավարն անհրաժեշտ է համարել երկու երկրների պատգամավորների միջև արդյունավետ փոխգործակցությունը նաև բազմակողմ խորհրդարանական ձևաչափերում:
Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
Դեսպանը վստահեցրել է, որ Ղազախստանը շահագրգռված է խորացնելու Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:
Թիմուր Ուրազաևը բարձր է գնահատել խորհրդարանականների ներդրումը միջպետական հարաբերությունների զարգացման գործընթացում:
Քննարկելով երկկողմ համագործակցության բազմոլորտ օրակարգը` զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական կապերի ընդլայնումը` փաստելով, որ առկա է հայ-ղազախական փոխգործակցության խորացման դեռևս չիրացված մեծ ներուժ: