Հնդկաստանում քույր ու եղբայր ամուսնացել են, որպեսզի կարողանան Ավստրալիա հասնել
Հնդկաստանի Փենջաբ նահանգում քույր ու եղբայր ամուսնացել են, որպեսզի կարողանան ամուսնական այցագիր ստանալ ու որպես ներգաղթյալ հաստատվել Ավստրալիայում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նրանք կեղծել են փաստաթղթերն ու անձնագրերը: Մասնավորապես՝ կինն օգտագործել է Ավստրալիայի այցագիր ունեցող զարմուհու փաստաթղթերը, համոզել Փենջաբի դատարանին վավերացնել իրենց ամուսնությունը: Այնուհետև նրանք որպես այր ու կին Ավստրալիա են մեկնել, որտեղ էլ ամուսնական այցագիր են ստացել:
«Նրանք խաբել են սոցիալական, իրավական ու կրոնական համակարգերը, և դա միայն արտասահման գնալու խենթ ցանկությունը բավարարելու համար: Մենք ստուգայցեր ենք կատարում, սակայն նրանք փախուստի մեջ են, և մեզ չի հաջողվել որևէ մեկին ձերբակալել»,-հայտնել է Փենջաբի ոստիկանության ներկայացուցիչը:
Այժմ Ավստրալիայի իշխանությունները հետաքննում են նմանօրինակ միգրացիոն խարդախությունների բազմաթիվ դեպքեր: Հայտնի է, որ նախորդ չորս տարում մոտ 1500 արտասահմանցի փորձել է փաստաթղթային խարդախությունների միջոցով Ավստրալիայում ամուսնական այցագիր ստանալ: