Մենք պետք է իրատես լինենք ու ապավինենք ողջամտությանն ու ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարության միջև ընթացող բանակցություններին. Գրիգորի Կարասինը՝ ԼՂ խնդրի մասին
Ես Հայաստանում եմ աշխատանքային այցով: Հանդիպել եմ ՀՀ ԱԳ նախարարի հետ, շուրջ կես օր քննարկել ենք երկկողմանի հարաբերություններին վերաբերող հարցեր, որի շրջանակում անդրադարձ է եղել եվրասիական ինտեգրացիային, ՀԱՊԿ-ին, Ղարաբաղին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:
«Մենք ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները: Ցանկություն ենք հայտնել, որ դրանք լինեն շարունակական: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ։ Առաջիկայում կլինեն նոր հանդիպումներ: Դրանք կլինեն լիդերների՝ ԱԳ նախարարների մակարդակում: Հանդիպումները պետք է լավ պատրաստված լինեն, որպեսզի արդյունավետ լինեն: Հիմա շատ կարևոր է, որ Ղարաբաղի շուրջ միջազգային դրությունը լինի կանխատեսելի կայուն, հանգիստ»,- նշեց նա:
ԱԳ փոխնախարարն ասաց, որ բոլորը միակարծիք են՝ պետք է բացառվեն ուժային գործողությունները: «Մենք պետք է իրատես լինենք ու ապավինենք ողջամտությանն ու բանակցություններին, որն ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության միջև՝ միջազգային հանրության օգնությամբ», - Նշեց Գրիգորի Կարասինը։
Նա ասաց, որ բոլորն են ցանկանում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը արագ տեղի ունենա:
Tert.am-ի դիտարկմանը, թե հնարավո՞ր է հասնել խաղաղության՝ առանց տարածքների կորուստի, Գրիգորի Կարասինն ասաց, որ այդ հարցին ինքը պատասխանել չի կարող: