Իրաքյան Քրդստանում մտահոգ են թուրքական օդուժի պարբերական հարվածներից
Իրաքի խորհրդարանի քուրդ պատգամավորները կոչ են արել Թուրքիային և «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանը դադարեցնել բախումներն Իրաքյան Քրդստանի տարածքում, քանի որ ռազմական գործողությունները խիստ բացասաբար են ազդում տարածքի տնտեսական զարգացման վրա:
Ինչպես գրում է քրդական Rudaw գործակալությունը, «Քրդստանի դեմոկրատական կուսակցության» անդամ, պատգամավոր Վիյան Սաբրին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ շեշտել է, որ թուրքական օդուժի հարվածներից հաճախ տուժում են նաև խաղաղ բնակիչներ, բացի այդ, դա խիստ բացասական է անդրադառնում Իրաքյան Քրդստանի տնտեսության ու մարդկանց կենսամակարդակի վրա:
Ավելի վաղ թուրքական օդուժը ՔԱԿ-ի դեմ գործողության շրջանակում հրթիռակոծության էր ենթարկել նաև բնակավայրեր: Իրաքյան Քրդստանի մի քանի քաղաքներում դրանից հետո բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել՝ պահանջելով դատապարտել Թուրքիայի նման քայլերն ու կանխել դրանք: Պաշտոնական Էրբիլը, սակայն, դատապարտել էր ՔԱԿ-ին, որին համարում է անօրինական ռազմական միավորում:
Ավելի վաղ Իրաքի կենտրոնական իշխանությունները պարբերաբար կոչ են արել ՔԱԿ զինյալներին վայր դնել զենքը: