Ինձ տուժող չեմ ճանաչում, ինձ լավ են վերաբերվել. ՊՊԾ գնդում բուժօգնություն ցուցաբերած բժշկուհի
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստը: Դատական նիստի ընթացքում ՊՊԾ գնդում բուժօգնություն ցուցաբերած բուժքույր, գործով որպես տուժող անցնող Անահիտ Ենգիբարյանը հայտարարել է, որ իրեն տուժող չի ճանաչում:
Հիշեցնենք, որ Անահիտ Ենգիաբարյանը հուլիսի 17-ին շտապօգնության կանչով ժամանել է ոստիկանության ՊՊԾ գունդ և բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի հետ բուժօգնություն ցուցաբերել գնդի տարածքում խմբի անդամներից մի քանիսին և ոստիկանի:
Անահիտ Ենգիբարյանը շեշտել է, որ գնդի տարածքում մնացել է, մինչև իրենց կփոխարինեին, ինքը վնաս չի կրել, թե՛ ոստիկանները , թե՛ ՊՊԾ գունդը գրավողները իրեն լավ են վերաբերվել:
«Մտել ենք գունդ, այնտեղ կար 2 շտապօգնության մեքենա, անգիտակից վիճակում տեսել եմ պարոն Մխիթարին։ Էնտեղ լիքը մեքենաներ կային կանգնած, դրանց կողքին մեր մեքենան կանգնեց։ Քանդված պարիսպ կար։ Ես ոչինչ չեմ կարող ասել, ես իմ աշխատանքն եմ կատարել։ Մոտավորապես 15-֊20 մարդ եմ տեսել, պարոն Օսիպյանին, պարոն Փաշինյանին` մեր ներկայիս վարչապետին եմ տեսել այնտեղ»,-պատմել է նա:
Անահիտ Ենգիբարյանը դատարանում նաև հայտարարել է, որ, միգուցե, ՊՊԾ գնդում գտնվողների մոտ զենք եղել է, բայց ինքը չի տեսել, այն, ինչ նախաքննական ցուցմունքում ասել էր, մասնավորապես, տարածքում գտնվողները զինված են եղել, դատարանում հարցաքննությունից հետո մեղադրողը միջնորդել է, որպեսզի հրապարակվեն Անահիտ Ենգիբարյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ դատաքննական և նախաքննական ցուցմունքներում առկա են էական հակասություններ։