«Սահմանապահների ծառայությունը պատասխանատու և պատվավոր գործ է». ամփոփվել է Սահմանապահ զորքերի 2018-ի մարտածառայողական գործունեությունը
Հունվարի 29-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում տեղի է ունեցել Սահմանապահ զորքերի 2018թ.-ի մարտածառայողական գործունեության ամփոփումը, որին մասնակցել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից: Զորամասերի հրամանատարների և ստորաբաժանումների պետերի զեկույցներից հետո ելույթ է ունեցել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և իր խոսքում նշել, որ Սահմանապահ զորքերի ծառայությունը պետության անվտանգության համակարգում անչափ կարևոր բաղադրիչ է, իսկ սահմանապահների ծառայությունը՝ պատասխանատու և պատվավոր գործ։
ՀՀ ԱԱԾ տնօրենն անդրադարձել է նաև ՍԶ կադրային և տեխնիկական հագեցվածությանը, ծառայության պատշաճ կազմակերպմանը, աշխատակիցների կրթական մակարդակի բարձրացմանը և մի շարք այլ հարցերի։ Սահմանապահ զորքերի գործունեությունը ՀՀ ԱԱԾ տնօրենի կողմից գնահատվել է դրական։
Տարեկան արդյունքների ամփոփումից հետո ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչության շարահրապարակում կայացել է մի շարք զինծառայողների պարգևատրման արարողություն, որն ավարտվել է հանդիսավոր երթով։