ԱՄՆ-ում «շաթդաուն»-ի պատճառով փակված Joshua Tree ազգային պարկի կրած վնասը վերականգնելու համար կարող են հարյուրավոր տարիներ պահանջվել (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի հարավարևելյան մասում գտնվող Joshua Tree ազգային պարկը կառավարական գերատեսչությունների աշխատանքի մասնակի դադարեցման՝ «շաթդաուն»-ի պատճառով մեծ վնասներ է կրել և ժամանակավորապես փակվել, գրում է Daily Mail-ը:
Բանն այն է, որ դեկտեմբերի 21-ին սկսված «շաթդաուն»-ի ժամանակ պարկը բաց է մնացել այցելուների համար, իսկ աշխատակազմը հարկադիր արձակուրդ է գնացել: Արդյունքում պարկի այցելուներից ոմանք մոտոցիկլետներով երթևեկել են անթույլատրելի տարածքներով, ծառեր են հատել, ինչպես նաև մեծ քանակությամբ աղբ է կուտակվել:
«Այն վնասը, որ կրել է մեր պարկը 34 օրվա ընթացքում, հնարավոր կլինի վերականգնել միայն 200-300 տարի անց»,- ասել է պարկի նախկին ղեկավար Քուրթ Սոյերը՝ շեշտելով, որ վնասի մի մասն անդառնալի է:
Հայտնի է, որ տեղի բնակիչներից և պարկի այցելուներից ոմանք իրենց օգնությունն են առաջարկել մաքրության հարցում: Ազգային պարկի ծառայության համաձայն՝ աջակցությունը զգալի է եղել:
Մտահոգիչ է նաև կատարված ծառահատումը:
«Երբ հասուն ծառը հատվում է, մի ամբողջ հին օրգանիզմ է սպանվում: Դարեր են պահանջվում, որպեսզի դրա տեղում ուրիշ ծառ աճի»,- ասել է Բույսերի պաշտպանության ծրագրերի ղեկավար Մադենա Ասբելը: