Խոր Վիրապ վանքի գրավաճառը մեղադրվում է մոտ 7 մլն դրամ եկեղեցական պարագաներ հափշտակելու մեջ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Խոր Վիրապ վանքի նյութական պատասխանատուին մեղադրանք է առաջադրվել:
Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Վարուժան Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ-ի օգոստոսի 28-ից մինչև 2016թ-ի հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 6մլն 780 հազ. ՀՀ դրամ ինքնարժեքով եկեղեցական պարագաներ:
2005-ին Վարուժան Խաչիկյանն աշխատանքի է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Խոր Վիրապ վանքի գրատանը՝ որպես գրավաճառ:
Վարուժան Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ խոշոր չափերով յուրացում:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Գործն ուղարկվել է Մասիսի դատարան: