Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է Չինաստանում «Մանգհութ» թայֆունը երեխաներով փչովի տնակը տապալում գետնին (լուսանկարներ, տեսանյութ)
Չինաստան հասած ու ավերածություններ առաջացրած «Մանգհութ» արևադարձային սուպերթայֆունը, որը շարժվել է 142 կմ/ժ արագությամբ, ամրոցի տեսքով մանկական փչովի տնակը տապալել է գետնին: Միջադեպի տեսանյութը հրապարակել է Youku պորտալը:
The Daily Mail-ի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Հունան նահանգում: Ոստիկանների տվյալների համաձայն՝ այդ պահին փչովի տնակում երկու երեխա է եղել: Նրանք թեթև վնասվածքներ են ստացել, իսկ կինը, որի վրա ընկել է տնակը, հոսպիտալացվել է ոտքերի լուրջ վնասվածքով:
Հիշեցնենք, որ «Մանգհութ» թայֆունն ամենահզորներից մեկն է և գնահատվում է վտանգավորության առավելագույն՝ հինգերորդ աստիճանով: Այն շարժվում է 255 կմ/ժամ արագությամբ: Ներկա պահին այն առավել կործանարար է գնահատվում, քան ԱՄՆ-ի արևելյան ափերին մոլեգնող «Ֆլորենս» փոթորիկը, որի հետևանքով նույնպես մարդկային կորուստներ են գրանցվել:
«Մանգհութ» արևադարձային սուպերթայֆունը Ֆիլիպինները պատուհասելուց հետո հասել է Հոնկոնգ ու Չինաստան՝ իր ճանապարհին առաջացնելով ավերածություններ, խլելով մարդկային կյանքեր ու ստեղծելով քաոսային իրավիճակ:
Հայտնի է, որ միայն Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով զոհվել է 65 մարդ, կա 43 անհետ կորած: Զոհեր են գրանցվել նաև Չինաստանում ու Հոնկոնգում: Նշվում է, որ Չինաստանում տարհանված բնակիչների թիվը հասել է 2.4 մլն-ի: