Մեզ պետք չէ սև ու սպիտակ, կանաչ կամ երկնագույն, մեզ պետք է գույների ամբողջական տարրապատկերը․ ՐաՖՖի Հովհաննիսյան
Երևանի ավագանու ընտրություններից առաջ երևանցիներին «Ժառանգություն» կուսակցության հիմնական ուղերձն ազատ ընտրություն անելն է: Այսօր Աջափնյակ համայնքում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց «Ժառանգության» ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա շեշտեց, որ իրենք հարգում են բոլորին, անգամ նրանց, ում հետ համաձայն չեն։
«Որևէ ցուցակ չունի բացառիկ արժեք, և քաղաքացին բացառապես չպետք է ընտրի որևէ մեկին, այդ թվում մեզ։ Խնդրում եմ՝ բացառապես չընտրենք մեզ, ազատ ընտրեք, երևանցիներ։ Համաքաղաքացիներ՛ր, ազատ ընտրեք, որովհետև սեպտեմբերի 23-ին լավ, թե վատ, հավասար, թե անհավասար մենք ունենալու ենք մեր ընտրած քաղաքապետն ու ավագանին առաջին անգամ երկար տարիների ընթացքում, և այդ իշխանությունը պետք է պատասխանատու ու հաշվետու լինի ձեզ ու մեզ»,- ասաց նա։
Հովհաննիսյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ իր համար ավելի կարևոր է այն, որ ինքը որպես ընտրող մասնակցում է ընտրության, որի արդյունքում ձևավորվելու է լեգիտիմ քաղաքապետ ու ավագանի։ Ըստ նրա՝ ինքը, որպես քաղաքացի, արդեն հաղթել է։
«Բոլոր դեպքերում, անկախ արդյունքից, մենք մեր ձեռքը պետք է հետընտրական շրջանում մեկնենք քաղաքական ուժերին ու քաղհասարակությանը, մասնագետներին, որովհետև մեզ պետք չէ սև ու սպիտակ, կանչ կամ երկնագույն, մեզ պետք է գույների ամբողջական տարրապատկերը։ Մենք պետք է ունենանք միասնական կառավարում, որովհետև կա մեկ Երևան ու մեկ Հայաստան»,- ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը։