Արա Բաբլոյանը Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է հայ-ռուսական համատեղ ծրագրերը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանն ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների միջև գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցությունն ու ավանդական բազմադարյա բարեկամությունը:
Ազգային ժողովի նախագահը երկու երկրների միջպետական հարաբերությունների շարունակական զարգացման գործում կարևորել է օրենսդիր մարմինների փոխշահավետ համագործակցությունը:
Լեոնիդ Կալաշնիկովի խոսքով` Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը եղել և մնում են բարձր մակարդակի վրա:
Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը՝ նա ևս անդրադարձել է միջազգային խորհրդարանական հարթակներում արդյունավետ համագործակցության շարունակականությանը:
Հանդիպմանը քննարկվել են հոկտեմբերի 29-30-ը Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և ՀԱՊԿ ԽՎ-ի իններորդ լիագումար նիստերի անցկացմանը վերաբերող օրակարգային հարցեր, անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ-ի շրջանակում խորհրդարանական փոխգործակցությանը: Կողմերն ընդգծել են վեհաժողովի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում:
Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում, քննարկել համատեղ նոր ծրագրեր իրականացնելու ուղիներ: