Ստամբուլի 3-րդ օդանավակայանի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, առաջին չվերթը կիրականացվի Անկարա ու Հս․ Կիպրոս
Ստամբուլի երրորդ օդանավակայանի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, այս մասին հաղորդում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։ Նոր օդանավակայանի անունը մինչ օրս գաղտնի է պահվում, նշվում է, որ այն կհայտարարվի միայն բացման օրը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իշխանամետ մի շարք քաղաքական գործիչներ առաջարկել էին, որ օդանավակայանը կրի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը։
Հայտնի է, որ օդանավակայանից առաջին թռիչքը կիրականացվի դեպի մայրաքաղաք Անկարա ու ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն։
Երրորդ օդանավակայանի կառուցման նպատակով արդեն ոչնչացվել է շուրջ 124 հա անտառապատ տարածք: Օդանավակայանի թռիչքուղին ունի 3.750 մ երկարություն և 60 մ լայնություն։
Անցյալ տարի Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, դիմելով երկրի տրանսպորտի և կապի նախարար Ահմեդ Արսլանին, հայտարարել էր, որ իշխանություններն իրենց կառուցած կամուրջներով, ճանապարհներով ու այլ շինարարական նախագծերով հպարտանալու փոխարեն, պետք է պատասխան տան Ստամբուլի էկոհամակարգն ամբողջովին խախտելու համար: