«Պետք է կոտրել անվստահության պատյանը». Աբեն ներկայացրել է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ իր մոտեցումը
Մոսկվան ու Տոկիոն պետք է «կոտրեն փոխադարձ անվստահության պատյանը»՝ խաղաղության պայմանագրի հարցում առաջընթաց գրանցելու համար: Այդ մասին Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական համաժողովում գործարարների հետ հանդիպմանը հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կարևոր է, որ Ռուսաստանի և Ճապոնիայի ժողովուրդների միջև փոխըմբռնումն առաջընթաց գրանցի և պատրաստվի միջավայր՝ տարածքային հարցի լուծման և խաղաղության պայմանագրի կնքման համար»,- ասել է վարչապետը:
«Կիոդո» գործակալությունը, սակայն, ներկայացրել է Աբեի և Պուտինի դիրքորոշումներում տարբերությունը խաղաղության պայմանագրի կնքմանը պատրաստվելու ժամկետների առնչությամբ: Ճապոնիայի վարչապետը կարծում է, որ գործընթացը ժամանակ կպահանջի, իսկ Ռուսաստանի նախագահն առաջարկել է համաձայնագիրը կնքել մինչև տարեվերջ: Միևնույն ժամանակ, գործակալությունն ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ վարչապետը չի հնչեցրել Կուրիլյան չորս կղզիների պատկանելիության հարցի լուծման հասնելու անհրաժեշտության մասին ավանդական դիրքորոշումը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում «Հեռավոր Արևելք. ընդլայնելով հնարավորությունների սահմանները» խորագրով նիստի ժամանակ առաջարկել է հաշտության պայմանագիր կնքել Ռուսաստանի ու Ճապոնիայի միջև:
«Մենք արդեն 70 տարի բանակցում ենք: Սինձոն (Ճապոնիայի վարչապետը-tert.am) առաջարկեց փոխել մոտեցումները: Եվ հիմա գլխումս մի միտք է հղացել՝ եկեք հաշտության պայմանագիր կնքենք՝ ոչ հիմա, մինչև տարեվերջ՝ առանց որևէ նախապայմանի»,-ասել է Պուտինը:
Նշենք, որ Ճապոնիան հավակնում է Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ, Հաբոմայի կղզիներին՝ հիմնվելով 1855թ. կնքված Սահմանների և առևտրի երկկողմ տրակտատի վրա:
Այս կղզիների վերադարձի հարցը պաշտոնական Տոկիոն որպես նախապայման է դրել Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի կնքման համար:
Նշվում է, որ փաստաթուղթը պետք է ստորագրվեր Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո, սակայն այդպես էլ չի ստորագրվել:
Մոսկվայի ներկայիս դիրքորոշումն այն է, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո ԽՍՀՄ կազմում Հարավային Կուրիլյան կղզիների ներառումը վերանայման ենթակա չէ: