Ֆրանսիայում հույս են հայտնել, որ Պուտինը կընդունի Մակրոնի հրավերը
Փարիզը հուսով է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերն ու նոյեմբերին կայցելի Ֆրանսիա: Այս մասին, ինչպես գրում է «Известия»-ն, հայտարարել է ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Սիլվի Բերմանը՝ Վլադիվոստոկում կայացած Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ:
«Մենք հույս ունենք, և նախագահ Մակրոնն ակնկալում է, որ նա (Պուտինը-Tert.am) այնտեղ կլինի այդ կարևոր իրադարձության առթիվ»,- հայտնել է Բերմանը՝ նկատի ունենալով Փարիզում նոյեմբերի 11-ին կայանալիք միջոցառումը՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին:
Փարիզում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա գտնվելու հրավերը Մակորոնից Պուտինը ստացել է օգոստոսի 28-ին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արդեն հաստատել է, որ Պուտինը դիտարկում է նման աշխատանքային այցի հնարավորությունը: