Չինաստանի ափերին է հարվածել «Barijat» թայֆունը
Հինգշաբթի առավոտյան չինական Գուանդուն նահանգի Չժանցզյան քաղաքին է հարվածել «Barijat» թայֆունը, որն այս տարի արդեն 23-րդն է: Այս մասին ասվում է Չինաստանի ազգային օդերևութաբանական կենտրոնի հաղորդագրության մեջ:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, թայֆունը Չինաստանի ափերին է հասել տեղական ժամանակով ժամը 8:30-ին (երևանյան ժամանակով ժամը 4:30-ին): Հայտնի է, որ քամու ուժգնացումները փոթորիկի էպիկենտրոնում հասնում են 25 մ/վ-ի։
Օդերևութաբանների տվյալներով՝ առաջիկա օրերին Գուանդուն նահանգում և մոտակա շրջաններում կլինեն տեղատարափ անձրևներ, ուստի խորհուրդ է տրվում շատ զգույշ լինել և խուսափել առափնյա ու լեռնայի գոտիներից, քանի որ նման վայրերում բարձր է սողանքների հավանականությունը:
Նահանգի իշխանություններն անվտանգ վայրեր են տեղափոխել ավելի քան 12 հազար մարդու: Գուանդուն նահանգի և Հայնան կղզու միջև նավային հաղորդակցությունն այս պահին դադարեցված է: