Ֆլորիդայում բազմաթիվ ձկներ ու ծովային կենդանիներ են սատկել թունավոր ջրիմուռների պատճառով
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի արևմտյան ափին՝ Տամպայի ծոցի հատվածում, հայտնվել են ափ նետված բազմաթիվ ձկներ ու ծովային այլ կենդանիներ, որոնք սատկել են թունավոր ջրիմուռների ծաղկման հետևանքով, գրում է РИА Новости-ն՝ The Washington Post-ին հղումով:
Հաղորդվում է, որ հատուկ ծառայությունների մասնագետները մաքրում են ափը սատկած ձկներից ու կենդանիներից, որոնք քայքայվում են և սարսափելի հոտ տարածում՝ վանելով զբոսաշրջիկներին:
Ընդ որում՝ թունավոր ջրիմուռների հետևանքով սատկել են ոչ միայն մանր ձկները, այլև հարյուրավոր կրիաներ, տասնյակ աֆալինա դելֆիններ և անգամ 8 մետրանոց հսկա կետանման շնաձուկ:
Վայրի բնության պահպանման հանձնաժողովի տվյալներով՝ վտանգավոր ջրիմուռները գտնվում են ափից մոտ 190 կմ հեռավորության վրա: Դրանց արտազատած տոքսինները կարող են տարածվել ոչ միայն ջրում, այլ նաև օդում՝ վտանգելով նաև մարդկանց առողջությունը: Դրանք կարող են առաջացնել շնչառական համակարգի հետ կապված խնդիրներ և դառնալ ասթմայի սրման պատճառ: