Եթե ՀՔԾ պետն իր խոսքն այլ կերպ է ձևակերպել՝ ես դրա մեջ ոչ մի ողբերգական բան չեմ տեսնում. Վահե Գրիգորյանը` պաշտոնյաների հեռախոսազրույցում իր անվան շրջանառության մասին
ՀՔԾ պետն ինձ հանձնարարություն չի տվել, այդպես չի կարող լինել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակմանը, որտեղ ՀՔԾ պետը Սասուն Խաչատրյանը նշում է. «Հիմա Վահեն է գալու մոտս Գրիգորյան, Վահեն մի հատ լուրջ բան կգրի, ելույթ էլ կունենա, սաղ հարցերին կպատասխանի, իմ ելույթը ճիշտ չէ»:
Վահե Գրիգորյանը նշեց, որ իրեն հանձնարարություններ կարող են տալ բացառապես իր վստահորդները:
«ՀՔԾ պետի և առհասարակ ՀՔԾ–ի հետ ես սերտ համագործակցում եմ: Որևէ մեկը չի կարող որոշել այն սահմանն ու այն շրջանակը, որի մեջ ես կարող եմ հրապարակում անել կամ չանել: Ես կարծում եմ, որ սա է նկատի ունեցել պարոն Խաչատրյանը, եթե իր խոսքն այլ կերպ է ձևակերպել՝ ես դրա մեջ ոչ մի ողբերգական բան չեմ տեսնում: Մարդիկ իրար հետ խոսել են և ամենևին էլ պատկերացում կարող էին չունենալ, որ այդ խոսակցությունը կարող է հրապարակվել: Այն համագործակցությունը, որ կա իմ և Հատուկ քննչական ծառայության մեջ, ես կգնահատեմ ամենասերտ համագործակցությունը այս նախաքննության շրջանակներում: Ես ոչ մի ողբերգություն չեմ տեսնում դրա մեջ, որ պարոն Խաչատրյանը պարոն Վանեցյանի հետ խոսակցության մեջ այդպես է ձևակերպել իր խոսքը. վստահ եմ, որ ավելի ուշադիր լինելով այդպես չէր անի»,- ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ այդ խոսակցությունում իր անունը նշվելուն նշանակություն չի տալիս` տուժողների իրավահաջորդների և նախաքննության մարմնի միջև համագործակցության վրա ազդեցություն ունենալու առումով: «Մենք ամբողջությամբ աջակցում ենք նախաքննությանը: Այդ հրապարակումը որևէ ազդեցություն չի ունենալու մեր և Հատուկ քննչական ծառայության համագործակցության վրա»,- ասաց նա: