«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն երկու ցուցանիշ է գերազանցել
Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 6:1 հաշվով հաղթել է «Հադերսֆիլդին», իսկ «քաղաքայինների» հարձակվող Սերխիո Ագուերոն դարձել է հեթ-տրիկի հեղինակ: Այս հեթ-տրիկի շնորհիվ արգենտինացի ֆուտբոլիստը միանգամից երկու ցուցանիշ է գերազանցել:
Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն լեգիոներ հարձակվողների ցանկում Ագուերոն բարձրացել է երկրորդ հորիզոնական՝ գերազանցելով հոլանդացի Ռոբին վան Պերսիի ցուցանիշը: Վերջինս Պրեմիեր լիգայում 144 գոլ է խփել, իսկ Ագուերոն՝ արդեն 146: Այս ցուցանիշով լավագույնը ֆրանսիացի Թիերի Անրին է, ով դարձել է 175 գոլի հեղինակ:
Ինչ վերաբերվում է առհասարակ լավագույն հարձակվողների ցանկին, ապա առաջին հորիզոնականում Ալան Շիրերն է՝ 260 գոլ, երկրորդ տեղում Ուեյն Ռունին է (208), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Էնդի Քոուլը (187): Ագուերոն այս ցանկում 10-րդն է:
Բացի այդ, «Հադերսֆիլդի» հետ խաղում ձևակերպած հեթ-տրիկն Ագուերոյի համար 9-րդն էր Պրեմիեր լիգայում: Նրանից շատ հեթ-տրիկներ ձևակերպել է «Սաութհեմփթոնի», «Բլեքբեռնի» և «Նյուքասլի» նախկին հարձակվող Ալան Շիրերը (11): Ութական հեթ-տրիկ են ձևակերպել Թիերի Անրին, Մայքլ Օուենը և Հարի Քեյնը: