Ռուսաստանի վերջին ցարական ընտանիքի անդամների ինքնությունը հաստատվել է գնդակահարությունից 100 տարի անց
Ռուսաստանի վերջին ցարական ընտանիքի գնդակահարության 100-րդ տարելիցի օրը՝ հուլիսի 17-ին, ՌԴ Քննչական կոմիտեի մասնագետները հաստատել են կայսր Նիկոլայ 2-րդի, նրա կնոջ ու 5 երեխաների մնացորդների իսկությունը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նրանք անցկացրել են ԴՆԹ թեստ ու հաստատել, որ հայտնաբերված մնացորդներն իրոք պատկանում են ցարական ընտանիքի անդամներին:
Հայտնի է, որ գենետիկ թեստերն անցկացվել են Ռուս Ուղղափառ եկեղեցու ցանկությամբ, քանի որ եկեղեցին նախկինում վստահ չէր, որ հայտնաբերված մնացորդներն իրոք պատկանում են ցարական ընտանիքին:
Հավելենք, որ ցարական ընտանիքի գնդակահարությունը թույլատրվել էր Ազգային կոմիսարների խորհրդի և Կենտգործկոմի կողմից։ 1918թ. հուլիսի 17–ի գիշերը արդեն նախկին ռուսական կայսր Նիկոլայ 2–րդը, կայսրուհի Ալեքսանդրա Ֆյոդորովնան և երեխաները, նրանց ուղեկցող բժիշկ Բոտկինն ու ևս երեք ծառայողներ գնդակահարվել են Եկատերինբուրգում գտնվող «Հատուկ նշանակության տանը»:
Մարդասպանները հապշտապ թաղել են բազմաթիվ փամփուշտներով կեղեքված դիակները, որոնք հայտնաբերվել են միայն 1979թ.: Հայտնի է, որ կայսեր միակ որդու՝ Ալեքսեյի ու դուստրերից մեկի՝ Մարիայի մնացորդները հայտնաբերվել է 2007թ. ու չեն հուղարկավորվել:
1998թ. Նիկոլայ 2-րդի, կնոջ ու երեխաներից 3-ի ոսկորները տեղափոխվել են Սանկտ Պետերբուրգ, սակայն Ուղղափառ եկեղեցին հրաժարվել է դրանք հուղարկավորել ըստ հավուր պատշաճի, քանի որ վստահ չի եղել դրանց իսկության հարցում:
Ցարական ընտանիքի մնացորդների իսկության հարցը խսիտ զգայուն է, քանի որ Ուղղափառ եկեղեցին կայսերն ու նրա ընտանիքին սրբադասել է որպես մարտիրոսների ու դրանով նրանց ոսկորները սուրբ մասունք դարձրել: Այժմ Ուղղափառ եկեղեցին կուսումնասիրի մնացորդները պաշտոնապես ճանաչելու հարցը: