Ընտրակարգի խնդիրն ամենասկզբունքայինն է, քանի որ կուսակցություններն այս հարցում տարբեր դիրքորոշում ունեն. Ն. Զոհրաբյան (տեսանյութ)
Ընտրակարգի խնդիրն ամենասկզբունքայինն է, քանի որ քննարկումները ցույց տվեցին, որ կուսակցություններն այս հարցում տարբեր դիրքորոշում ունեն:
Այսօր ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի հերթական նիստին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա նկատեց, որ իրենց քաղաքական ուժը կողմ է փակ համամասնական ընտրակարգին, սակայն հավելեց, որ իրենք դեմ չեն քննարկումներին և այլ մոդել գտնելուն, ինչը մարզային թեկնածուների ներգրավվածության հնարավորություն կտա:
«Բնականաբար, այդ մոդելը չի կարող լինել գործողի նման, որով մենք գնացինք ընտրության: Մեր գնահատմամբ՝ գործող մոդելն ընտրությունները տարավ ապաքաղաքականացման, և ընտրություններն իդեանեի, բրենդների, կուսակցությունների միջև պայքարից տեղափոխեց ռեսուրսների պայքարի դաշտ»,- ասաց Զոհրաբյանը:
Պատգամավորի կարծիքով՝ քննարկումների ընթացում հնարավորություն կլինի գտնել այն ձևաչափը, որը կբավարարի բոլոր քաղաքական ուժերին, իսկ ընտրությունները կտեղափոխի քաղաքական պայքարի դաշտ: Նա առաջարկեց խորհրդարանական ուժերին կրկին ներկայացնել իրենց մոտեցումներն ընտրական կարգի հետ կապված:
ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի քննարկմանը պետք է ներկա լիներ նաև կառավարությունում ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչը: Սակայն դեռևս որևէ մեկը չի ներկայացել, իսկ ԱԺ հանձնաժողովը որոշեց աշխատանքները չխաթարել այդ պատճառով: