Ընդունվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Ռազմավարությունը
Այդ մասին նախագահն ասել է սեպտեմբերի 14-ին՝ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո արված հայտարարության մեջ:
«Նստաշրջանի գլխավոր արդյունքներից կընդգծեմ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Ռազմավարության ընդունումը: Փաստաթղթի մշակման ուղղությամբ ավելի քան հինգ տարի տեւած աշխատանքն ավարտված է, ինչպես եւ մենք նշել էինք ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջնահերթությունների մեջ: ՀԱՊԿ երեւանյան Ռազմավարությունը ամրագրում է Կազմակերպության գործունեության առաջնահերթությունները մինչեւ 2025թ., ամրապնդում է համագործակցության բոլոր հիմնական ուղղությունների հետագա զարգացման ուղենիշները», - ասել է Սերժ Սարգսյանը:
Խոսելով ԼՂ խնդրի մասին, նախագահն ասել է, որ «ՀԱՊԿ շրջանակներում գործընկերներն աջակցություն են հայտնել ընթացիկ տարում Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի լարվածության աճի կանխարգելմանը, իրադրության կայունացմանը եւ խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը»:
Նստաշրջանում վերահաստատվել է ԼՂ հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը, աջակցություն է հայտնվել հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք հիմնված են միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես, ուժի չկիրառմանը կամ ուժի կիրառման սպառնալիքին, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին վերաբերող դրույթների վրա, ասել է Սերժ Սարգսյանը:
Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշել են օրակարգից հանել Կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ հարցը՝ դրա քննարկումը տեղափոխելով ընթացիկ տարեվերջ: