Լեհ ֆուտբոլիստները Հայաստանի դեմ խաղը չափազանց դժվար են որակել
Լեհերը նշել են, որ սխալներ են թույլ տվել ու միայն Ռոբերտ Լեւանդովսկու բարձր կարգի շնորհիվ են վաստակել երեք միավոր:
Ռոբերտ Լեւանդովսկի
Հնարավոր չէ մոռանալ այս խաղը, քանի որ շատ ծանր ստացվեց: Պետք է կարողանանք վերացնել այն բացերը, որոնք թույլ տվեցինք հայերի դեմ խաղում: Մրցակիցը գոլեր խփելու մի քանի հնարավորություն ուներ, ու մեր բախտը բերեց: Ուրախ եմ, որ երեք միավոր վաստակեցինք, բայց միայն դա քիչ է մեզ համար:
Կամիլ Գլիկ
Առաջին խաղակեսում հայերը խորը պաշտպանությունից էին գործում, երկրորդում պաշտպանական շերտն էլ ավելի խտացրին: Դժվար է, երբ տուգանայինում այդպիսի «պատ» է լինում: Մենք մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցինք, բայց հաղթանակի հասնելու համար ստիպված էինք մինչեւ վերջին րոպեն սպասել:
Կամիլ Գրոսիցկի
Անչափ բարդ հանդիպում ստացվեց: Մինչեւ վերջին րոպեն մենք լարված էինք, ու Լեւանդովսկու գոլից հետո կարծես քար ընկավ սրտիցս: Իսկապես, շատ դժվար էր Հայաստանի դեմ խաղը, բայց փաստն այն է, որ մենք հաղթող դուրս եկանք:
Լուկաս Տեոդորչիկ
Հայաստանի դեմ մենք վատ չէինք գործում, իհարկե, կային բացթողումներ, որոնք պետք է շտկենք: Մենք չէինք հասնում մեր նպատակին, բայց Լեւանդովսկու բարձր կարգի շնորհիվ հաղթանակ ունեցանք: Ուրախ ենք, որ կարողացանք դժվար խաղում երեք միավոր վաստակել: