Գեւորգ Ալեքսանյան. Արթուրը կրկին ցույց տվեց իր հայրենասեր ու ազգին նվիրված լինելը
Նմանատիպ ապրումներ ու զգացողություններ ունի նաեւ մարզիկի հայրն ու անձնական մարզիչը՝ Գեւորգ Ալեքսանյանը: Նա Ռիոյում Mediamax Sport-ին շատ հուզիչ հարցազրույց է տվել:
-Պարոն Ալեքսանյան, այս հաջողությունն ու ոգեւորությունն աննախադեպ են: Արթուրն իրականացրեց ողջ հայ ազգի երազանքը: Դուք որպես մարզիչ ու հայր ի՞նչ էիք զգում եզրափակչի սուլիչից հետո:
-Դժվար է բառեր գտնել ու նկարագրել, թե ինչ էր ինձ հետ կատարվում: Երջանիկ պահ էր, հպարտություն էի ապրում: Դեռ լիարժեք չեմ էլ կարողանում հասկանալ, թե ինչ կատարվեց: Երեւի կանցնեն օրեր, նոր միայն կգիտակցենք այս հաջողության մեծությունը:
Ասես մրցման ենք եկել ու հաղթել, բայց հետո ինչ է լինելու, դեռ չեմ կարողանում պատկերացնել:
[[gallery1]]
-Ժամանակն էր, որ Արթուրը դառնա նաեւ Օլիմպիական չեմպիոն, նա փաստորեն արդեն բոլոր տիտղոսներն ունի:
-Այո, արդեն երկար տարիներ է ձգտում էր այս բարձունքը գրավել, ես էլ իր հետ միասին: Ու վերջապես մեզ մոտ ստացվեց: Նա պատրաստ էր այս հաղթանակին, զգոն էր ու ցույց տվեց, որ բոլորից ուժեղ է ու ամեն գնով հասնելու է վերջնակետին:
-Ձեր որդին բացառիկ մարզիկ է, դրանում բազմիցս ենք համոզվել: Բայց այն ինչ նա արեց օգոստոսի 16-ին, կրկին ստիպեց հպարտանալ իրենով: Դուք գիտեի՞ք, որ նա այդպիսի շապիկ է պատրաստել:
-Պատկերացրեք, ես էլ այդ մասին չեմ իմացել, նա ամեն ինչ գաղտնի է պահել: Ոչ մի մարզիկ նախապես չի իմանում կբարձրանա պատվո պատվանդանին, թե ոչ: Արթուրն այդ քայլը միայն չեմպիոնության դեպքում էր անելու: Դրա համար էլ ոչ մեկին չէր ասել:
Մեր տանն այդ մասին չի խոսվել, ընկերներից էլ չեմ լսել: Բայց նա պատրաստված էր եկել, նշանակում է չեմպիոն դառնալուց բացի մեկ այլ նպատակ էլ է ունեցել: Եվս մեկ անգամ ինձ զարմացրեց, հուզեց, ցույց տվեց իր հայրենասեր, մարդասեր ու հայ ազգին նվիրված լինելը:
[[gallery2]]
- Իսկ հետո իմացաք, թե ինչո՞ւ է հենց Ռոբերտ Աբաջյանի լուսանկարով շապիկ հագել:
-Մենք դեռ չենք էլ կարողանում իրար հետ խոսել, միայն քնելու ժամին ենք հանդիպում, մի երկու բառ փոխանակվում: Արթուրն անընդհատ տարբեր հանդիպումների ու միջոցառումների է մասնակցում:
Նա չի առանձնացրել միայն մեկ հերոսին, հաղթանակը նվիրել է պատերազմում զոհված բոլոր տղաներին ու սահմանը պահողներին: Նա գորգում է կռվում, տղաներն էլ սահմանում: Արթուրը չի կարող իրենց հետ լինել, բայց այսպես է ցույց տվել իր աջակցությունը: Նա ազգի հետ է, հերոսների ու կռվողների:
Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան
Նախագծի գործընկեր