ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է զերծ մնալ Վերին Լարսով երթեւեկելուց
Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ վկայակոչելով ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալները:
«Իրականացված հրատապ միջոցառումների արդյունքում Վերին Լարսի անցակետում հայտնված քաղաքացիներն ապահովվել են սննդով, վրաններով եւ այլ անհրաժեշտ պարագաներով: Շարունակական աջակցություն է ցուցաբերվում նաեւ տեղի հայ համայնքային կառույցների կողմից»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Այսօր ՌԴ ԱԻՆ-ի հետ համագործակցությամբ սկսվել են Վերին Լարս անցակետում հայտնված անձանց տարհանման աշխատանքները:
«Միաժամանակ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին՝ մինչեւ իրավիճակի ամբողջական կարգավորումը զերծ մնալ Վերին Լարսի անցակետով երթեւեկելուց»,- հայտարարել են ԱԳՆ-ում:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Թերեք գետի վարարման հետեւանքով Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում) ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել էր, որի պատճառով փակվել էր ՌԴ-Վրաստանի սահմանային անցակետը: