Արտաշես Ներսիսյան. Իմ աղջիկներից ամեն մեկը մի զինվոր է
Ռիո-2016-ին ընդառաջ Mediamax Sport-ը մի օր է անցկացրել ծանրորդուհիների ու նրանց մարզիչ Արտաշես Ներսիսյանի հետ: Առաջարկում ենք կարդալ դրական ու միշտ էներգիայով լի Ներսիսյանի մտքերը:
Լավ մարզիչ լինելու համար պետք է լավ մասնագետ լինես, հստակ հասկանաս աշխատանքդ, տիրապետես հոգեբանությանն ու նաեւ սպորտային բժշկությանը: Սրանք բոլորը շաղկապված են իրար հետ: Սպորտում գործում է մարդ-մարդ հարաբերությունը, այնքան լավ մանկավարժ պետք է լինես, որ կարողանաս յուրաքանչյուր մարզիկի հետ ճիշտ աշխատես ու հասնես ցանկալի արդյունքի:
[[gallery1]]
Կարեւոր է նաեւ խստությունը: Ինձ համար նշանակություն չունի, թե այդ մարզիկը Աշխարհի չեմպիոն է, թե սկսնակ, բոլորն էլ հավասար են: Հենց մարզիկը մի փոքր ուզում է շեղվել, պետք է հավաքես բռիդ մեջ, այնպես անես, որ դահլիճում մտածի միայն մարզումների մասին:
Մարզումներից դուրս իմ աղջիկներն առաջին հերթին իմ մի մասնիկն են, մենք շատ ենք միմյանց հետ շփվում, կիսվում, զրուցում: Իսկ դահլիճում նրանցից ամեն մեկը մի զինվոր է, ով դժվարին մարզումներով պատրաստվում է կռվի: Զինվորը պետք է կատարի իր առջեւ դրված խնդիրը, այլ եղանակ չկա: Մարզումների ժամանակ պետք չէ լարված պահել նրանց. պետք է մի քիչ ձգել, հետո մի փոքր թուլացնել, հետո էլի ձգել, այլապես կպայթի:
Իմ նվաճած մեդալները բոլորն էլ կարեւոր են ինձ համար՝ պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալից մինչեւ մեծահասակների Աշխարհի առաջնության չեմպիոն ու Օլիմպիակն խաղերի արծաթե մեդալ: 2001 թվականից սկսած մենք շուրջ 150 մեդալ ենք նվաճել: Ինչպես նկարիչների համար իրենց ստեղծած յուրաքանչյուր կտավ է կարեւոր, այնպես էլ մարզչի համար յուրաքանչյուր մեդալ:
[[gallery2]]
Ամեն մեդալը միտք է, աշխատանք, չարչարանք, քրտինք: Դու տեսնում ես տարիների աշխատանքիդ արդյունքը, խորը հոգոց ես քաշում, քանի որ քննությունդ հանձնած ես լինում: Երանի Հայաստանում ամեն մարդ իր գործը ճիշտ անի, այդ դեպքում մեր երկիրն էլ երկիր կդառնա:
Մինչեւ 90-ական թվականները ես աշխատել եմ տղամարդկանց հավաքականի հետ: Իմ բախտը բերել է, որ անցել եմ ծանրամարտի խորհրդային դպրոցը, շատ բան եմ սովորել մարզիչներից: Հիմա գիտելիքներս փոխանցում եմ մեր ծանրորդներին, փորձում եմ ամեն բանով օգտակար լինել նրանց:
Ես միշտ աղջիկներին ասում եմ՝ ինչ ունես, ինչի ընդունակ ես տուր, մի պահիր վաղվան: Ամեն օր պետք է առավելագույնն անել, որպեսզի կիսատ ոչինչ չմնա:
Մարզիչն էլ պետք է այնքան խելոք լինի, որ չքամի մարզիկին: Մարզչական աշխատանքը ստեղծագործ, ոսկերչական աշխատանք է, մի փոքր դետալ բաց թողնես՝ ամեն ինչ կփլվի:
Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Նախագծի գործընկեր