Շարմազանովը կոչ է արել ԵԱՀԿ-ին «հասցեական գնահատականներ տալ»
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական իրադարձությունները եւ մանրամասնել հայ զինվորականների, ինչպես նաեւ խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված վայրագությունների եւ անմարդկային խոշտանգումների վերաբերյալ փաստերը:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ադրբեջանական ագրեսիայի դրսեւորումներում կարելի է տեսնել «Իսլամական պետության» (ISIS) ձեռագիրը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում խնդրի կարգավորումը տեսնում են բացառապես խաղաղ եւ բանակցային ճանապարհով:
Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը մտահոգիչ է համարել միջազգային հանրության կողմից հնչող անհասցե կոչերը՝ այս հարցում կարեւորելով առանցքային դերակատարություն ունեցող ԵԱՀԿ-ի հասցեական գնահատականները:
Նա ընդգծել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավոր չէ հասնել հակամարտության կարգավորմանը:
ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչն անհրաժեշտ է համարել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված առավել մեծ ջանքերի գործադրումը՝ առանց վիճարկելու ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը:
Նա տեղեկացրել է, որ Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցերի արդյունքում պատրաստելու է զեկույց, որը ներկայացնելու է առաջիկայում Թբիլիսիում կայանալիք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին: