Իսրայելին կոչ են արել չվախենալ Թուրքիայի սպառնալիքներից
Հաարաց թերթը հրապարակել է Բենջամին Աբտանի, Բեատե, Սերժ եւ Արնո Կլարսֆելդների հոդվածը:
Աբտանը Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար Բերնար Քուշների քաղաքական խորհրդականն է եւ European Grassroots Antiracist Movement կազմակերպության նախագահը: Բեատե, Սերժ եւ Արնո Կլարսֆելդները նացիստական հանցագործների բացահայտմամբ զբաղվող համաշխարհային ճանաչում ունեցող ակտիվիստներ են, որոնք ղեկավարում են Association of Daughters and Sons of Jewish Deportees from France կազմակերպությունը:
Հոդվածի հեղինակները նշում են, որ Կնեսետը կառավարության ճնշման հետեւանքով հերթական անգամ հետաձգել է Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը:
«Հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի Իսրայելը միանա բազմաթիվ այլ երկրներին եւ ճանաչի Հայոց Ցեղասպանության: Այդպիսի քայլը կվերահաստատի Իսրայելի հավատարմությունը հիմնարար արժեքներին եւ կամրապնդի ցեղասպանությունների ժխտման դեմ միջազգային կոալիցիան», - գրել են հեղինակները:
Աբտանը եւ Կլարսֆելդները շեշտել են, որ Իսրայելը չպետք է անհանգստանա այն սպառնալիքներից, որոնք Թուրքիան հնչեցնում է այն երկրների հասցեին, որոնք ճանաչում են Հայոց Ցեղասպանությունը:
«Տեսեք, թե ինչ եղավ 2015 թվականի ճանաչումներից հետո: Թուրքիան բողոքեց, դեսպաններ ետ կանչեց, դիվանագիտական հարաբերություններ սառեցրեց, սակայն հետո հարաբերությունները նորմալ հուն վերադարձան», - գրել են նրանք:
«Իսրայելը յուրահատուկ պատասխանատվություն ունի: Հայոց Ցեղասպանության ճանաչումը չի փոխի անցյալը, բայց կօգնի ձեւավորել ապագան եւ պաշտպանել նրանց, ում սպառնում են արտաքսմամբ այսօր», - ընդգծել են հոդվածի հեղինակները: