Արտաշատում «Ազատության» տեսախցիկն արձանագրել է կրկնաքվեարկության, մարդկանց օգնելու դեպքեր
![Արտաշատում «Ազատության» տեսախցիկն արձանագրել է կրկնաքվեարկության, մարդկանց օգնելու դեպքեր](https://gdb.rferl.org/0262CB6C-49B4-4062-A118-3EB7375F6403_w800_h450.jpg)
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում «Ազատության» տեսախցիկն արձանագրել է կրկնաքվեարկության, մարդկանց օգնելու դեպքեր, ցուցակներում անճշտություններ։
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ Արտաշատի 12/1 ընտրատարածքում, տղամարդը, գալով քվեարկության, պարզել է, որ իր փոխարեն մի կին արդեն քվեարկել, ստորագրել և հեռացել է։
«Ազատություն»-ը նաև ֆիքսել է, թե ինչպես են ցուցակներով մարդիկ տեղամասերի մուտքի մոտ դիմավորում ինչ-որ քաղաքացիների, ցուցակներում նշումներ անում և նոր ճանապարհում ընտրության։ Փորձեցինք հետաքրքրվել, թե ում կողմնակիցներն են։ «Քեզ ինչ, թե որ կուսակցությունից ենք՝ «Օրինաց երկիր», - ասացին ու հեռացան ընտրատեղամասից։
Դիտորդներից մեկը «Ազատության»-ը նաև տեղեկացրեց, որ հանձնաժողովի անդամները քվեաթերթիկներն այնպիսի դասավորությամբ են տալիս քաղաքացիներին, որ 6 համարի քվեաթերթիկը՝ Հանրապետական կուսակցության, լինի առաջինը, ինչն, ըստ իրենց, միտումնավոր է արվում, որպեսզի մարդկանց ուղղորդեն։
Նշենք, որ Արտաշատի և Մասիսի՝ մեր այցելած գրեթե բոլոր ընտրատեղամասերում կուտակումներ էին։ Հանձնաժողովի անդամները, «Ազատության» հետ զրույցում, փաստեցին, որ այս ընտրությունները տարբերվում են նախորդներից իրենց ակտիվությամբ՝ քաղաքացիներն այս անգամ ավելի ակտիվ են գալիս ընտրությունների։