Վարչապետի հայտարարությունից մեկ ամիս անց էլ Լարսին այլընտրանք ցամաքային ճանապարհ դեռ չի գտնվել
Վարչապետ Կարեն Կարապետյանի Թբիլիսում արած հայտարարությունից մեկ ամիս անց Հայաստանի կապի նախարարը խոստովանում է՝ «Վերին Լարսին» այլընտրանք ցամաքային ճանապարհ դեռ չի հաջողվել գտնել:
Փետրվարի վերջին Վրաստան կատարած պաշտոնական այցի և իր վրաց գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքում Կարեն Կարապետյանը հայտարարեց․ - «Եթե ձեզ հետաքրքրում է՝ արդյո՞ք լինելու է Լարսի ճանապարհի այլընտրանք, ապա վստահեցնում եմ ձեզ, որ, այո՛, լինելու է։ Մնացածի մասին կխոսենք հետագայում, փակագծերը դեռ չեմ բացում։ Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք ինչպես Լարսի հարցի վերաբերյալ, այնպես էլ էներգետիկ միջանցքի»:
Այսօր լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փոխանցեց, որ «Վերին Լարսին» այլընտրանքային ցամաքային ճանապարհ գտնելու ուղղությամբ դեռ աշխատում են․ - «Վստահ եղեք, աշխատում ենք էդ թեմաներով: Ուղղակի դեռ չենք հասել այն հաջողությանը, որը կարող ենք հրապարակայնորեն հայտարարել»:
Նախարարը հավաստիացրեց, որ կառավարությունը քննարկում է ցանկացած այլընտրանքային տարբերակ, սակայն հրաժարվեց հայտնել լրացուցիչ որևէ տեղեկություն՝ պատճառաբանելով, որ հարցն առնչվում է ռուս-վրացական հարաբերություններին․ - «Դուք միշտ փորձում եք ուղղությունը տանել երկրորդ ճանապարհին: Այլընտրանք կարող է լինել և՛ ավիափոխադրումը, և՛ լաստանավի փոխադրումը: Այսօր կազմակերպված է լաստանավի փոխադրում, Հարավկովկասյան երկաթուղին ստացել է բավական լավ պայմաններ լաստանավի, և այսօր Հայաստանից Ռուսաստան լաստանավով տեղափոխվող բեռների արժեքը նույնիսկ կոնկրետ բեռների դեպքում շատ ավելի էժան է, քան մեքենայով Լարսով տեղափոխելը»:
Նախարարը, այդուհանդերձ, կոնկրետ թվեր չհրապարակեց: