Վարչապետը կրկին խոսում է անորակ նավթամթերքից
Անորակ վառելիքի պատճառով պատերազմի ժամանակ չաշխատած զինտեխնիկայի մասին իր սկանդալային հայտարարությունից մոտ երկու շաբաթ անց վարչապետը կրկին խոսում է անորակ նավթամթերքից՝ գործադիրի այսօրվա նիստում հայտարարելով, որ կառավարության ուսումնասիրության արդյունքում բենզինի ու դիզվառելի որակի վերաբերյալ խնդիրներ են բացահայտվել:
Այս անգամ Կարեն Կարապետյանն ավելի հեռուն գնաց՝ ընդգծելով, որ բենզինի ու դիզվառելիքի վաճառքի գործում չարաշահումներ են հայտնաբերվել․ - «Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ-հստակ տարանջատմամբ, ինչպես նաև գործնականում առկա որոշակի բացերով: Արդյունքում էական վնաս պատճառվում է սպառողներին ու շուկային»:
Վարչապետը հանձնարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին․ - «Մեկամսյա ժամկետում բենզինի, դիզելային վառելիքի և այլ վառելանյութերի վաճառքի ոլորտում չարաշահումների վերացման և որակի վերահսկողության գործառույթների առավել արդյունավետ իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն համապատասխան թույլտվությունների՝ ըստ վառելիքի տեսակների, հստակ տարանջատման վերաբերյալ՝ հաշվի առնելով հանրապետության ներքին շուկայում դրանց սպառման փաստացի կառուցվածքը»:
Վարչապետի խոսքով՝ պետք է Պետեկամուտների կոմիտեի հետ համատեղ մշակել ոլորտում առկա խնդիրները կանխարգելելու մեթոդաբանություն:
Մարտի 1-ին Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ աղմկահարույց հայտարարությամբ․ - «Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կառավարության այսօրվա նիստից հետո հայտարարեց՝ վարչապետի այսօրվա հանձնարարությունը կապ ունի մոտ երկշաբաթյա վաղեմության սկանդալային այդ հայտարարության հետ․ - «Բնականաբար դա կապված է: Եվ վարչապետի կողմից տրվեց հանձնարարություն, որ մենք ուսումնասիրենք և Կառավարություն առաջարկություններ ներկայացնենք»: