Առաքել Մովսիսյանը տեղյակ չէ ԿԸՀ-ի պահանջից
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ), իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) թեկնածու Առաքել Մովսիսյանը խախտել է Ընտրական օրենսգրքի պահանջները։
Երեկ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, Մովսիսյանը խոստացել էր ասֆալտապատել կենտրոնական փողոցը։ Տեսանյութը հրապարակել էր Tert.am-ը։
Ընտրական օրենսգրքով՝ նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ, խոստանալ դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել ու խոստանալ ծառայություններ։
«Հենց հիմա զանգեք, կանչեք ստեղ էդ գյադուն՝ ասֆալտ անողին», - երեկ Ծաղկալանջում ասել էր Մովսիսյանը, հետո դիմել ներկաներին. - «Սաղ գյուղին հավաքեք թող ինձ ձեն տան, բայց մինչև ձեն տալը դուք կտենաք արդյունքը»։
«Ձայներից մեծամասնությունը մեր գյուղից Ձեզ է գալու», - գյուղացիներից մեկի այս դիտարկմանը, Մովսիսյանն այսպես արձագանքեց. - «Տո, լրիվդ էլ պետք է տաք, որ ուզում ես իմանաս»։
ԿԸՀ հաղորդագրության համաձայն, խախտման վերաբերյալ անմիջապես տեղեկացվել է կուսակցության լիազոր ներկայացուցիչներին և պահանջվել՝ դադարեցնել խախտումը և հետագայում օրենքի նման խախտումներ թույլ չտալ։ Առաքել Մովսիսյանը հանձնաժողովի պահանջից տեղյակ չէր։
Մովսիսյան. - Երևի նկատողություն տված կլինեն էլի՝ ժողովրդին բան խոստանալու համար։ Տեղյակ չեմ հլը որ, ձեզնից եմ լսում։
«Ազատություն». - Ասում են, որ օրենսգրքի խախտում եք թույլ տվել, երբ որ խոստումներ եք տվել։
Մովսիսյան. - Ժողովուրդն ասել է՝ «էս ճանապարհը պետք է սարքեք, թե՝ ոչ»։ Ես ի՞նչ ասեմ, ասեմ՝ չէ ու ինձ ձայն տվե՞ք։