Րաֆֆի Հովհաննիսյան. ««Մարտի 1-ը» պատռեց իշխանությունների դիմակը»
«Ցայսօր իրավաքաղաքական գնահատական չստացած աննախադեպ այդ ոճրագործությունը, ինչպես 1999-ի «Հոկտեմբերի 27»-ը, հետանկախական շրջանում իշխանությունը յուրացրած բռնապետական վարչակարգերի խարանն է: Չնայած Հայաստանի հանրության և միջազգային կառույցների հետևողական պահանջներին, այդպես էլ որևէ մեկը պատասխանատվություն չկրեց և չպատժվեց խաղաղ ցուցարարների գնդակոծման համար, ինչի հետևանքով զոհվեց առնվազն 10 քաղաքացի, հրազենային վիրավորում ստացածների թիվը հասավ 50-ի, իսկ ցույցի ավելի քան 200 մասնակիցներ ենթարկվեցին բանտարկության, ապօրինի դատավճիռների ու հետապնդումների:
Մարտիմեկյան բռնարարքների տրամաբանությունը այդ հանցագործության շահառու իշխանությունները, ինչպես սպասվում էր, հետագայում զարգացրին ընդդեմ քաղաքական հակառակորդների և այլախոհների իրենց պայքարում, ընտրակեղծիքներ կատարելիս, մասնավորապես 2013թ. նախագահական ընտրությունների և 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքները կեղծելիս, նաև կեղծարարության դեմ մարդկանց բողոքի գործողությունները ճնշելիս»,- մասնավորապես, նշված է Հովհաննիսյանի ուղերձում: