ՀՀԿ-ի քարոզարշավում գլխավոր դերակատարություն կունենա Կարեն Կարապետյանը. Շարմազանով
Իշխող Հանրապետականի (ՀՀԿ) քարոզարշավում գլխավոր դերակատարություն կունենա ոչ թե նախագահ Սերժ Սարգսյանն, այլ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նկատենք՝ Կարեն Կարապետյանն, ով ընդամենը վերջերս անդամակցեց Հանրապետականին, նույնիսկ ընդգրկված չէ իշխող ուժի նախընտրական ցուցակում։
«Ազատություն». - Այսինքն՝ կարող ենք ասել, որ վարչապետն է գլխավորապես դերակատարություն ստանձնելու քարոզարշավին։
Շարմազանով. - Վարչապետը և առաջին քսանյակը՝ հիմնականում։
«Ազատություն». - Նախագահին չենք տեսնի՞ ելույթներով։
Շարմազանով. - Ես Ձեր հարցին պատասխանեցի։ Չեմ բացառում, բնականաբար, որ կուսակցության նախագահը հանդես կգա ելույթներով, որովհետև ինքը կուսակցության նախագահն է, և կուսակցությունն իր գլխավորությամբ է գնալու՝ անկախ նրանից ինքը ցուցակում կա, թե չկա փոփոխությունների, բնականաբար, Հանրապետական կուսակցության նախագահն իր կարծիքը կարտահայտի, իր մեսիջը կհաղորդի մեր ընտրողներին, բայց ավելի ակտիվ քարոզչական գործողություններին կմասնակցեն կուսակցության նախագահի առաջին տեղակալ, վարչապետ Կարեն Կարապետյանը և համամասնական ցուցակում ընդգրկված առաջին 20-25, մի՞գուցե 30 գործիչները։
«Ազատություն». - Հաշվի առնելով, որ նաև ցուցակում չկա Կարեն Կարապետյանը, ինչո՞ւ է որոշվել, որ հենց նա է ակտիվ լինելու քարոզարշավում։
Շարմազանով. - Ցուցակում չկա, չի նշանակում, որ մեր վարչապետի թեկնածուն չէ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք հայտարարել ենք, որ հաջողության դեպքում մեր վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը, այսինքն՝ կառավարությունը պետք է գործի Կարապետյանի գլխավորությամբ, շատ ավելի արդարացի է, որ հենց այն մարդը, որը հավակնում է հաջողության դեպքում դառնալ վարչապետ՝ գործադիրի ղեկավար, ինքն է իր վրա, անմիջական շփումների միջոցով, հանրությանը ներկայացնի այն տեսլականը, որը նրան հնարավորություն կտա կառավարել առաջիկա տարիների ընթացքում մեր կառավարությունը։
«Ազատություն». - Հաշվի եք առե՞լ այն հանգամանքը, որ նա հնաբնակ չէ որպես Հանրապետական, ավելի դրական ընկալում ունի հանրության կողմից։
Շարմազանով. - Մենք հաշվի ենք առել մի բան, որ Կարեն Կարապետյանը մեր վարչապետի թեկնածուն է։