Ադրբեջանը հաղորդում է զինվորի և սպայի մահվան մասին
Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Ղազախի հատվածում, «հայկական կողմի սադրանքներին դիմակայելու ժամանակ» զոհվել է ադրբեջանցի սպա Հալիբ Զուլֆուհարլին։
Սպայի հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր, աղբյուրը հուղարկավորությունից լուսանկարներ է հրապարակել։
Haqqin.az-ը, վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը, նշում է նաև Հաֆարալի Հաջիև զինվորի մահվան մասին։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել էր շփման գծում լարվածության մասին։ «Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատժիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրադրության սրումը և հայտարարում, որ ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է հակառակորդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- հաղորդել էր ԼՂ պաշտպանության նախարարությունը: