Ռուսաստանը ավելացնում է Ղրղըզստանում ռազմակայանի վարձակալության գումարը
Ռուսաստանը համաձայնել է այսուհետ 200 հազար դոլարով ավելացնել Ղրղըզստանում ռազմակայանի վարձակալության գումարը:
Կողմերը համապատասխան փաստաթուղթը ստորագրել են այսօր՝ նախագահ Պուտինի Բիշքեք կատարած այցի ժամանակ:
Ըստ այդմ, 2003-ից Կանտ քաղաքում տեղակայված ռազմաբազայի վարձակալության գինը կհասնի տարեկան 4,7 միլիոն դոլարի:
Ավելի վաղ՝ անցած ամիս Ղրղըզստան կատարած այցի ժամանակ, Ռուսաստանի արտգործնախարարը չէր բացառել, որ Մոսկվան կարող է երկրորդ ռազմակայանը բացել այդ երկրում:
Պուտինի այցի նախօրեին էլ Մոսկվան հայտարարել էր, թե անհատույց 30 միլիոն դոլար է տրամադրում Ղրղըզստանին՝ բյուջեին աջակցելու նպատակով: