Մարզական մեկնաբան․ Մեր հավաքականից սպասում ենք միավորներ
Սպորտային մեկնաբան Գևորգ Պետրոսյանի կարծիքով, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերջին երկու՝ Բոսնիա և Հերցեգովինայի, ինչպես նաև Ֆինլանդիայի դեմ հանդիպումների որոշ դրվագներում հաջող խաղ ցուցադրեց, սակայն «կարևորը արդյունքն է, որն այդպես էլ չստացվեց»:
«Մի քանի դրվագներում զգացվեց հատկապես երեկ, որ կարող ենն գնդակին տիրել: Երեկ գնդակին տիրելու հարաբերակցությունը հօգուտ մեզ էր։ Փոխանցումների մեջ խոտանը քիչ էր, որը շատ լավ է կրկին: Խաղից կարող ես գոհ լինել միայն այն դեպքում, երբ դա արդյունք է բերում։ Փաստացի մենք չունենք միավոր, չունենք արդյունք, ունենք խփած մեկ գնդակ, բաց թողած 4 գնդակ։ Ըստ իս, դա է պատմության մեջ մնում։ Հետագայում, երբ ապագա սերունդները նայեն աղյուսակին, տեսնելու են 0 միավոր առաջին երկու խաղից հետո: Փաստացի կորսված հնարավորություններ, և մեծ հաշվով, մենք նույն տաշտակի առջև ենք կանգնում: Նման պարագայում ասել, որ խաղը բավարարում է, դա մի քիչ ծիծաղելի է: Քանի որ սա մեր հավաքականն է, մենք նրանից սպասում ենք միավորներ: Ես բարոյական հաղթանակների կողմնակից չեմ»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի 2-րդ տուրում երեկ սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտություն կրեց Ֆինլանդիայից։ Իսկ անցած շաբաթ օրը առաջին խաղում մրցակցի դաշտում հավաքականը 1։2 հաշվով պարտվեց Բոսնիա և Հերցեգովինայի թիմին։
«Մյուս խաղում մեր առաջնային նպատակը պետք է լինի լավ խաղով և արդյունքով ազգին ուրախացնելը», - երեկ ուշ երեկոյան լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը՝ շարունակելով․ - «Եթե արդյունքը լավ չի լինում, գոնե լավ խաղանք․․․ Անցյալ տարվանից էլ ասել եմ՝ մեր հավաքականը երիտասարդացման կարիք ունի: 4-5 ֆուտբոլիստ արդեն իրենց նորամուտն են նշել․․․ Կփորձենք կամաց-կամաց մեր ունեցած լավագույն փորձառու ֆուտբոլիստների հետ երիտասարդներին էլ կամաց-կամաց ընդգրկենք կազմ, լավացնենք խաղը, լավ արդյունք անենք ոև փորձենք ազգին ուրախացնել»: