Զոհրաբ Մնացականյանը ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Նախարար Մնացականյանը շնորհավորել է Լին Թրեյսիին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր հետևողական ջանքերով կարևոր ներդրում կունենա հայ-ամերիկյան բազմաոլորտ հարաբերությունների հետագա զարգացման գործում։
ԱԳՆ պաշտոնական կայքէջի հաղորդմամբ՝ կողմերն անդրադարձ են կատարել հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող հարցերի լայն շրջանակին։
Մանցականյանը դեսպան Թրեյսիին է ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը` այդ համատեքստում կարևորելով միջազգային գործընկերների հետ շարունակական համագործակցությունը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ նորանշանակ դեսպանին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը։